so:text
|
…Իսկական դաժանությունը կարելի է շատ լավ պատկերացնել առանց զգայական ցավի և միաժամանակ փիլիսոփայել դաժանության մասին։ Հոգևոր առումով դաժանություն նշանակում է խստություն, անողոք գործադրում ու վճիռ, անդառնալի, բացարձակ որոշում։ Մեր գոյության տեսակետից փիլիսոփայական ամենասովորական դետերմինիզմը դաժանության կերպավորումներից մեկն է։ Իզուր են դաժանություն բառին մոլեգին, արյունահեղ խստության, ֆիզիկական ցավի չպատճառաբանված անշահագրգիռ որոնման իմաստ տալիս։ Արյան մոլեգին սիրուց չէ, որ Եթովպիայի մեծ իշխանը, հաղթելով արքայազուններին, նրանց պարտադրում է ընդունել ստրկությունը։ Դաժանությունը բոլորովին էլ թաքնված արյան, նահատակված մարմնի, խաչված թշնամու հոմանիշը չէ։ Դաժանության նույնացումը տանջանքների հետ, հարցի աննշան կողմն է։ Կատարվող դաժանության մեջ կա ինչ-որ բարձրագույն դետերմինիզմ, որին ենթարկված է հենց տանջող դահիճն ինքը և հարկ եղած դեպքում ստիպված պիտի լինի պահել այն։ Դաժանությունն ամենից առաջ լուսավոր է, մի տեսակ յուրահատուկ ուղղվածություն, անհրաժեշտությանը ենթակա մի բան։ Չկա դաժանություն առանց խղճի, առանց գործադրված խղճի։ Կենսական ամեն գործողության իրագործմանը խիղճը տալիս է արյան իր գույնը, դաժան նրբերանգը, քանզի կյանքը, անշուշտ, միշտ ինչ-որ մեկի մահն է… Դաժանությունն իմ մտածողությանն արված հավելում չէ, այն միշտ այնտեղ ապրել է, բայց ինձ հարկ է գիտակցել։ Դաժանություն բառը ես գործածում եմ կյանքի փափագի, տիեզերական խստության ու խիստ անհրաժեշտության իմաստով, խավարը ոչնչացնող կյանքի հորձանքի գնոստիկական իմաստով, անխուսափելի անհրաժեշտությունից դուրս այն ցավի իմաստով, առանց որի կյանքը չի կարող ընթանալ։ Բարին ցանկալի է, այն գործողության արդյունք է, իսկ չարը հարատև է։ Թաքնված Աստվածն արարելիս ենթարկվում է իրեն իսկ պարտադրված ստեղծագործության դաժան անհրաժեշտությանը, և նա չի կարող չարարել, ուրեմն և՝ չընդունել չարի հետզհետե անհետացող ու հետզհետե քայքայվող էությունը՝ բարու ինքնակամ հորձանքի կենտրոնում… (et) |