so:text
|
Մայր Հայաստան»-ի գաղափարը մի զգալի չափով արդեն կանխորոշված էր, կար պատվանդանը, որոշել էին նաև հուշարձանի նշանակումն ու իմաստը, տեղն ու կողմնորոշումը։ 22 մետրանոց կոփածո պղնձից արձանը լինելու էր քաղաքի, երկրի պահապանը, ժողովրդի սիմվոլը։ Քանի որ այն անձնավորելու էր ժողովրդի, մայր հողի գաղափարը, ես ընտրեցի թրով աղջկա, կնոջ, մոր կերպարը։ Իհարկե, թրով կանայք աշխարհում շատ են ստեղծվել, և ես բնավ չեմ հավակնել հայտնագործություն անել։ Չեմ էլ ձգտել շոյել դիտողի հայացքը արձանի մեղմիկ ձևերով։ Պատերազմին նվիրված թանգարան-պատվանդանի վրա դրվող արձանը պետք է խիստ ու մոնումենտալ լիներ։ Նա պետք է արտահայտեր առնականություն, ուժ, հերոսականություն, հաղթանակ։ Իսկ պատվանդանի ուղղահայաց ձևերը պետք է հատվեին հորիզոնական ծավալներով։ Պատվանդանի երեք քառորդների համար էլ գտանք արձանի համապատասխան լուծում՝ թրի հորիզոնական շարժումը։ Այդ շարժումը սիմվոլիկ է, թուրը պատյան է դրվում, բայց զգացվում է նաև հանելու պատրաստակամությունը։ Սա կատարվող գործողության երկրորդ իմաստն է, և, իր հերթին, խորհրդանշում է այն, որ մեր ժողովուրդը միշտ պատրաստ է, և հարկ եղած դեպքում պաշտպանելու է իր ձեռք բերած հաջողությունները, իր սիրասուն հայրենիքը։ Ֆիգուրատիվ լուծում որոնելիս եղան բազմաթիվ տարբերակներ, որոնց մեջ կար նաև մոնումենտի շարունակությունը զինվորով ավարտելու տարբերակ։ Սակայն զինվորը կարող էր խորհրդանշել միայն ռազմական ուժի՝ բանակի հաղթանակը, ուստի ամբողջ հայ ժողովրդի գաղափարը պահանջում էր ընտրել Մայր Հայաստանի կերպարը։ Արձանը կոփածո պղնձից է՝ հավաքված երկաթյա հիմնակմախքի վրա։ 22 մետրանոց արձանը կշռում է մոտ 22 տոննա։ (et) |