so:text
|
Մարդը, նրա հոգեկան աշխարհի ամբողջ կոմպլեքսը դեռևս քիչ է ուսումասիրված, չի ուսումասիրված... Ութ ամսական երեխայի ձեռքից ո՛չ ուժով, ո՛չ էլ համոզելով չես կարող տիկնիկը, խաղալիքը վերցնել։ Նրա մեջ նստած է փոքրիկ, բայց անհաղթահարելի սեփականատերը։ Խաղալիքը իրենն է, ոչ քոնը, հասկանո՞ւմ ես, փորձիր վերցնել, այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնի, որ մի փութ շոկոլադով չես փրկվի, չես շահի սիրտը... Ուրեմն, ի՞նչ... Այդ ծծկերի մեջ անցյալի մնացուկնե՞րն են հոտում, հը՞... Չլինի՞ անցյալի մնացուկները գենետիկական ակտիվություն ունեն, հը՞... Չլինի՞ ժառանգական են, հը՞... չլինի՞, չլինի՞... Մարդը չի ուսումասիրված։ Հոգեբանները մարդկային հոգեբանությունը, մարդկային հոգեկան շարժումերը փորձում են բացատրել քարացած սահմանումերի միջոցով։ Փորձում են, թող փորձեն, փորձը փորձանք չէ, բայց օգուտն ի՜նչ... Գրողները, մարդկային հոգու այդ ճարտարապետները, ընդհակառակը, հոգու, ներքնաշխարհի գաղտնիքները բացում են այնպիսի յուրօրինակ վերլուծությամբ, որ չի ենթարկվում ոչ մի օրինաչափության։ Եվ դա ճիշտ է, ճիշտ է, ցավագնորեն ճիշտ է, որքան մարդ, նույնքան՝ բնավորություն։ (et) |