so:text
|
Անհնար է ամբողջովին հասկանալ մարդուն, եթե նրա մասին դատելիս հիմքում դրվում է տեսակի հասկացությունը։ Ըստ տեսակի դատողություններ անելիս ամենամեծ համառությունը դրսևորվում է այն դեպքում, երբ խոսքը մարդու սեռի մասին է։ Տղամարդը կնոջ, կինը տղամարդու մեջ գրեթե միշտ չափազանց շատ բան են տեսնում մյուս սեռի ընդհանուր բնութագրից և չափից քիչ բան՝ անհատականից։ Գործնական կյանքում դա տղամարդկանց ավելի քիչ է վնասում, քան կանանց։ Կնոջ սոցիալական դիրքը մեծ մասամբ այն պատճառով է այդքան անարժան, որ շատ կետերում, որտեղ պիտի լիներ այդպիսին, պայմանավորված է ոչ թե առանձին կնոջ անհատական հատկություններով, այլ ընդհանուր պատկերացումներով, որոնք կազմվում են կնոջ բնական խնդիրների և պահանջների մասին։ Կյանքում տղամարդու գործելակերպն ուղղորդվում է նրա անհատական ընդունակություններով և հակումներով, մինչդեռ կնոջ գործունեությունը պետք է բացառապես պայմանավորվի այն հանգամանքով, որ նա հենց կին է։ Կինը պետք է լինի տեսակային որակի, ընդհանուր-իգականի ստրուկը։ Քանի դեռ տղամարդիկ են բանավիճում, թե արդյո՞ք կինն «իր բնական հակվածությամբ» ընդունակ է այս կամ այն մասնագիտության, այսպես կոչված կանանց հարցը դուրս չի գա իր տարրական փուլից։ Պետք է կնոջը թողնել դատելու, թե կինն իր բնությամբ ինչ կարող է կամենալ։ Եթե ճշմարիտ է, որ կանայք պիտանի են միայն այն կոչման համար, ինչ նրանց տրված է հիմա, ապա նրանք հենց իրենցով հազիվ թե հասնեն որևէ այլ կոչման։ Բայց նրանք իրեն պիտի կարողանան վճռել, թե ինչն է համապատասխանում իրենց բնությանը։ Ով երկյուղում է, թե մեր սոցիալական վիճակը կցնցվի, եթե կինն ընդունվի ոչ թե որպես տեսակային մարդ, այլ անհատ, նրան պետք է առարկել, որ սոցիալական այն վիճակը, երբ մարդկության կեսը վարում է մարդուն անվայել գործողություն, խիստ կարիք ունի բարելավման։ (et) |