so:text
|
Կան բնավորություններ, որոնք կարծես հենց սկզբից կոչված են թախծի և հոգսի հետ խառնված սիրո լուռ սխրանքի, բնավորություններ, որոնց համար ուրիշների վիշտն ամոքելը կարծես թե իրենց մթնոլորտը, կենսական պահանջն է կազմում։ Բնությունը նրանց նախօրոք օժտել է հանգստությամբ, առանց որի կյանքի սովորական քաջագործությունն անհնար է. կանխատեսորեն մեղմել է նրանց անձնական հույզերը, անձնական կյանքի պահանջները՝ այդ հույզերն ու պահանջները ենթարկելով նրանց բնավորության տիրապետող կողմերին։ Այդպիսի անհատները հաճախ թվում են չափազանց սառը, չափազանց խոհեմ, զգացմունքից զուրկ։ Նրանք խուլ են մեղսական կյանքի կրքոտ կանչերի նկատմամբ և պարտականության տխուր ճանապարհով ընթանում են նույնպես խաղաղ, ինչպես և անձնական ամենապայծառ երջանկության ճանապարհով։ Նրանք թվում են սառն՝ որպես լեռների ձյունապատ կատարները և նրանց նման էլ վեհ են։ Առօրյա գռեհկությունները փռվում են նրանց ոտքերի տակ. նույնիսկ զրպարտությունն ու բամբասանքը ցած են գլորվում նրանց ձյունափայլ զգեստի վրայից, որպես ցեխի ցայտերը՝ կարապի թևերից...: (et) |