so:text
|
Առհասարակ չեմ սիրում, երբ գունազարդում են իրենց կենսագրությունը։ Ես իմ կենսագրությունը չեմ գունազարդել։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որպեսզի կենսագրություն հորինեմ։ Նախանձը ծնունդ է առնում վատ պայմաններից, հիվանդություններից։ Ես լավ պայմանների ծնունդ եմ, առողջ եմ եղել իմ մտածողությամբ, իմ արյան եռքով։ Քամյուն իր ստեղծագործություններից մեկում ասում է. «Իմ բախտը բերել է, որ բնածին հետաքրքիր եմ ծնված եղել»։ Հենց դա էլ օգնել է ինձ։ Նաև չարացած չեմ ու չեմ եղել բացարձակապես։ Հայրս տառապանքի միջով է անցել, մենք ընտանիքով քայլել ենք տառապանքի ուղիներով, բայց երբեք չենք չարացել, չենք կրել չարացածության բարդույթը։ Չար մարդը չի կարող արվեստում լինել, չի կարող արվեստի ստեղծագործություն հորինել։ Արվեստն ինքը բարության խորհրդանիշն է, բարության սերմնացանն է։ (et) |