so:text
|
Ի՞նչ կարող ես գրել հրաշքի մասին։ Նաիրին ծնեց Չարենցին։ Պատռվեց հողը, կանաչ ծիլը բացեց աչքերը ու նայեց շուրջը։ Ժայռակոփ պատկերներ և սեպգրեր տեսավ, տեսավ ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ՝ բայց ծով արյան ու ծավ ցավերի մեջ։ Սիրտը մղկտաց։ Բարձրացրեց գլուխը՝ տեսավ շողացող Արևը։ Հուսադրվեց։ Շարժեց արմատները, զգաց, որ հիմքը բազալտ է։ Թինդ առավ։ Եվ իր բազալտե հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց։ Բարձրացավ ժամանակի սամումը, երկինքը սևակնեց ու բոցավառվեց։ Ու նա որոտաձայն կանչում էր Մհերին՝ փնտրելով Ագռավաքար տանող ճամփան... Չարենցը լեգենդ էր։ Ի՞նչ գրես լեգենդի մասին։ Գուցե կանխորոշվա՞ծ էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն... Ո՞վ գիտե։ (et) |