so:text
|
Չորրորդ հարկի Աստղիկ տատի միակ տղան մեր շենքի ջահելներից առաջին զոհն էր։ Աստղիկը որդու հետ Սումգայիթից հազիվ էր փախել. ամուսնու ականջները կտրել էին, կնոջ ու որդու առաջ կրակել։ Որդու զոհվելու օրը չորրորդ հարկից մինչև բակ ավլեց։ Լուռ ավլում էր։ Բերեցին բակում եռագույնի տակ՝ մոմի նման տղայի վրա Աստղիկը լացեց, լացեց, տարան Եռաբլուր։ Աստղիկը հաջորդ օրը ավելը ձեռքին չորրորդ հարկից մինչև բակ ավլեց։ Հարևաններն ասացին՝ խելագարվել է, բայց երբ տեսա, որ ամեն օր մեկը Աստղիկի համար տաք ճաշ է եփում ու իջեցնում, մյուս օրը որոշեցի ավելը ձեռքիս միանալ Աստղիկ տատին։ Աստղիկի ձեռքին մի պարկ կար։ Երկուսով լավ փոշի բարձրացնելով ավլում էինք։ Ասացի՝ Աստղիկ տատ, տուր պահեմ մեշոկդ։ Չարացած վրաս նայեց, հրեց ինձ։ Հարևանները մորս ասացին՝ երեխուն հեռու պահի խելագարից։ (et) |